ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Փետրվարի 20-ը մեզանում շարքային, ձմեռային ծանր օր է

Փետրվարի 20-ը մեզանում շարքային, ձմեռային ծանր օր է
25.11.2014 | 00:31

Մի քանի օր առաջ չեխերը նշում էին իրենց «թավշյա հեղափոխության» քսանհինգերորդ տարեդարձը: Քառորդ դար առաջ եվրոպական այս երկիրն ազատագրվել է կոմունիստական ամբողջատիրությունից: Ազատագրվել է՝ որպես Չեխոսլովակիա, հետո չեխերն ու սլովակաները խաղաղությամբ բաժանվել են, ստեղծել են իրենց անկախ երկրներն ու այսօր խաղաղ գոյակցում են՝ միասնական եվրոպական ընտանիքում:
Նույնիսկ կարելի է ասել, որ մի քանի օր առաջ չեխերը նշում էին իրենց անկախության վերականգնման տարեդարձը: Օրվա խորհուրդը հենց այդպես էին ընկալում Պրահայի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր 1989-ի իրադարձություններին տվել են քաղաքակրթական արժեք, այդ իրադարձությունները դարձրել են երկրի զարգացման առանցք, իրենց հեղափոխության արժեքներով ապրում են, դրանցով հպարտանում են, ակնածանք ունեն իրենց հանրապետության, քաղաքացիականության հանդեպ:
Վացլավ Հավելը մի մարդ է, լեգենդ, սոցիալիստական շրջանի հայտնի այլախոհ, ով ղեկավարեց չեխական հեղափոխությունը, դարձավ դրա խորհրդանիշը, նոր Չեխիայի առաջին նախագահը: Անցած 25 տարիներին այդ ականավոր մարդը մնաց իր բարձրության վրա, դրսևորեց իր քաղաքական, հասարակական կարգավիճակին հարիր վարքագիծ ու հիմա չեխերի հպարտությունն է, ովքեր հենց նրա անունը կրող հրապարակում պարզում են նրա լուսանկարները, վանկարկում են նրա անունը:
Բայց չեխերը նաև սուլել ու «կարմիր քարտ» ցույց տալ գիտեն: Նրանք այդպես են դիմավորել հրապարակ եկած այսօրվա նախագահին՝ Միլոշ Զեմանին: Չեխերը համարում են, որ Զեմանը դավաճանել է 1989-ի արժեքներին, իրենց իդեալներին, որ նա սպասարկում է ռուսական շահերն ու անհրաժեշտ չափով հավատարիմ չէ եվրոպական ինտեգրացիային: Հենց այսպես. չեխական հասարակությունը ուղենիշ է դարձրել հեղափոխության արժեհամակարգն ու մերժում է դրանից շեղվողներին, եթե անգամ այդ շեղվողը մարդ է, ում ժողովուրդը վերջին ընտրություններում ընտրել է նախագահ:
88-ի շարժումը մեզ համար չդարձավ այդ քաղաքակրթական արժեքը, այդ փարոսը, որի միջոցով պետք է հաղթեինք խավարին: ՈՒ սա այն դեպքում, երբ 88-ի հզոր էներգետիկան ապահովեց հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Մեր հասարակությունը չունի կոնսոլիդացնող արժեքային համակարգ, չունի երկրի զարգացման միասնական տեսլական, չունի հերոսներ, որոնց խոսքը ազդու լինի բոլորի համար, որոնց կերպարը դարձած լինի համազգային ակնածանքի աղբյուր:
Մեր հավելները չունեցան քաղաքական հասունություն, քաղաքացիական արիություն, ոգու, մտքի թռիչք, դարձան շարքային իշխանավոր՝ շատ արագ ընդօրինակելով խորհրդային բացասականը, անհաջողակ ընդդիմադիր՝ ստվերելով 88-ի իրենց հետագիծը:
Մեր «Հավելը» սպասարկում է օլիգարխի շահ՝ դա համարելով քաղաքական պրագմատիզմ, 88-ի հարթակի մյուս տղաները վաղուց կորցրել են իրենց քաղաքական ու հանրային կշիռը:
Մեր հեղափոխության առաջնորդները 88-ի արժեքները չդարձրին ինստիտուցիոնալ արժեք, երկրի զարգացման տեսլական՝ արժեզրկելով հեղափոխությունը, լյումպենացնելով հասարակությանը, քաղաքական իմաստով դևալվացվելով հենց իրենք:
Մեր հասարակությունը ծափահարում ու սուլում է սպառողական մտածողության պատճառով:
Դրա համար փետրվարի 20-ը մեզանում շարքային, ձմեռային ծանր օր է՝ առանց տոնականության, առանց հույզերի ու հույսերի։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ